Կա արդյո՞ք Աստված
Մի անգամ, երբ Բուդդան իր սիրելի աշակերտ Անանդայի հետ դուրս էր եկել առավոտյան քայլքի,նրան մի մարդ մոտեցավ և հարցրեց.
- Կա արդյո՞ք Աստված:
Բուդդան նայեց նրա աչքերի մեջ և ասաց.
- Ո՛չ ,Աստված չկա,երբեք չի՛ եղել և չի՛ էլ լինի:Հանի՛ր այդ հիմարությունը մտքիցդ:
Այդ նույն օրը ՝ կեսօրին, Բուդդայի մոտ եկավ մեկ ուրիշը և նորից հարցրեց.
- Կա արդյո՞ք Աստված:
Բուդդան ասաց.
- Աստված կա,մի՛շտ եղել է և կլինի:Փնտրի՛ր նրան և կգտնես:
Անանդան երկմտեց,քանզի հիշում էր այն պատասխանը,որ Բուդդան առավոտյան էր տվել,բայց հարցնելու հնարավորություն չուներ,որովհետև շուրջը մարդաշատ էր:
Երեկոյան,երբ Բուդդան, ծառի տակ նստած,հետևում էր մայրամուտին և հեռացող ամպերին,նրա մոտ ևս մի մարդ եկավ և հարցրեց.
- Կա արդյո՞ք Աստված:
Բուդդան լուռ էր:Ձեռքի շարժումով նա հրավիրեց զրուցակցին նստել իր կողքին և փակեց աչքերը:Նրանք երկար ու լուռ նստեցին միասին:Մթնեց,արևը մայր մտավ…..Այդժամ հյուրը վեր կացավ,դիպավ Բուդդայի ոտքերին և ասաց.
- Շնորհակալ եմ Քեզ,պատասխանի համար,-և հեռացավ:
Երբ Բուդդան և Անանդան մենակ մնացին, Անանդան ասաց.
- Ես այսօր չեմ կարողանա քնել,եթե Դու ինձ չպատասխանես:Միևնույն հարցին Դու տվեցիր երեք տարբեր պատասխան,ինչո՞ւ:
Բուդդան ասաց.
- Ես քեզ չեմ պատասխանել,ինչո՞ւ ես երկմտանքի մեջ ընկել:Առաջին մարդը,ով հարցրեց,հավատում էր Աստծուն և եկել էր ոչ թե պատասխանի հետևից,այլ իր հավատի հաստատման համար:Սակայն բոլոր հավատքները սխալական են:Իմացությունը բացարձակ այլ բան է:Երկրորդ մարդը չէր հավատում Աստծուն:Նա ցանկանում էր,որ ես հաստատեմ նրա անհավատությունը: Երրորդն իրական որոնող էր:Նա ցանկանում էր զգալ,ապրել:Նա ուզում էր,որ ես նրա համար մի անսովոր բան բացահայտեմ,դրա համար էլ ես չպատասխանեցի նրան,այլ առաջարկեցի նստել ինձ հետ:Եվ ինչ-որ անսովորը կատարվեց…